Թեման արդիական է և պատասխանում է հարցին՝ ո՞վ է որոշակի տարիքում հասնում հաջողության կամ այն կարգավիճակին, որ իր համար սահմանել էր իբրև հաջողություն: Թեման արդիական է, նաև պատասխանում է հարցին՝ ի՞նչ արժեքներ են առաջնորդում հասարակությանը, ի՞նչ մակարդակի է հասարակական գիտակցությունը: Ո՞րն է իդեալը: Ի սկզբանե սահմանենք՝ կարիերան բացասական հասկացություն չէ, դրական կամ բացասական դառնում է կարիերայի հասնելու միջոցների ընտրությամբ:
Ո՞վ է Հայաստանում մինչև 30 տարեկանը հասնում հաջողության: Հարցին պատասխանելու համար պետք է սահմանել հաջողության հասարակական ընկալումը: Միանշանակ՝ իշխանություն ունենալ, ներկայացված լինել կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններում: Միանշանակ՝ բիզնես ունենալ և տիրապետել դրամագլխի, որ հաշվում է տասնյակ միլիոններով: Հաջողությունը համարվում է հաստատուն, եթե համատեղվում են պաշտոնն ու կապիտալը: Ձերբազատվենք անցյալի պատկերացումներից՝ պարտադիր չէ, որ այդ անձը ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական հաջողություններ, բարի համբավ: Նույնքան պարտադիր չէ, որ այդ պատմությունը ձևավորված լինի օրենքի շրջանակներում: Օրենքները կան ու գործում են, բայց հազիվ թե գտնվի գոնե մեկ մարդ, որ կյանքում որևէ օրենք չի խախտել՝ սկսած փողոցային երթևեկության կանոններից մինչև խախտումներ, որ կյանքը չեն վտանգում, բայց քրեական պատասխանատվություն են նախատեսում: ՈՒրեմն, ո՞ւմ է ժպտում ճակատագիրը մեր օրերում:
1. Եթե դուք ունեք լուրջ ծրագրեր և չեք ուզում ամբողջ կյանքում տեղում դոփել, պարտավոր եք անդամագրվել որևէ կուսակցության: Այստեղ կատարում եք ձեր առաջին ընտրությունը՝ հաջողություն եք ուզում անձամբ ձե՞զ համար, թե՞ մտածում եք գործի հաջողության մասին: Եթե կարևորը ձեր պայծառ անձն է, անդամակցում եք իշխող կուսակցությանը, օրինակ՝ ՀՀԿ-ին:
2. Նույնիսկ եթե ձեր գրպանում մի քանի դրամ է, պարտավոր եք մշտապես լավ հագնված լինել, ձեր կոստյումի կամ հագուստի ձեզ սազել-չսազելը չէ կարևորը, այլ՝ գինը: Մշտապես պետք է օծված լինեք թանկարժեք օծանելիքով: Դա շատ կարևոր է և վկայում է, որ դուք որոշակի բարեկեցության տեր եք: Նույնքան կարևոր է, որ դուք միշտ ունենաք բարձր տրամադրություն և բարյացակամ լինեք շրջապատի նկատմամբ, դա երաշխիք է, որ դուք առողջ եք, չունեք անհետաձգելի պրոբլեմներ, ինքներդ պրոբլեմատիկ չեք ու պատրաստ եք օգնել ուրիշներին:
3. Ամենակարևորը՝ դուք պետք է գտնեք մեկին, ով պատրաստ է ձեզ հովանավորել, լինեք հավատարիմ, գաղտնապահ, պատրաստ նրան մատուցել ամենատարբեր ծառայություններ՝ կենցաղայինից մինչև իր ցանկացած հարցերը լուծելը: Երբեք չպետք է բողոքեք նրանից՝ դա հավատարմության առաջին պայմանն է, երկրորդ պայմանին կբավարարեք, եթե անցնեք ընթացիկ փորձությունների միջով: Երրորդը դասական է՝ ոչինչ մի խնդրեք, եթե տալու են՝ իրենք կտան, եթե չեն տալու, խնդրեք էլ՝ չեք ստանա:
4. Հաջողության պարտադիր պայման է ճիշտ կողմնորոշումը՝ եթե համոզվում եք, որ ձեր հովանավորից ստացել եք առավելագույնը, և նա ոչինչ չունի այլևս ձեզ տալու, կամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունի, արագ ընտրում եք ավելի ազդեցիկ մեկին ձեզ տեր ու պաշտպան: Դա դավաճանություն չէ, խելամտություն է՝ դուք ունեք նպատակ և առաջ պիտի գնաք: Ձեր դեպքում բարոյական կամ անբարոյական արարքներ չկան, կան իրավիճակներ, որ պիտի փորձեք ձեր օգտին դարձնել:
5. Երբեք «ոչ» չեք ասում նրան, ումից կախում ունեք, կարող եք ձեր սկզբունքայնությունը դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր ձեզնից կախում ունեն, փորձեք, այնուամենայնիվ, պահպանել արդարամտությունը: Դրական աուրան ձեր շուրջը երբեք չի խանգարի, վճռորոշ պահին կդառնա ձեզ ընտրելու պատճառ:
6. Որևէ առիթ չի կարելի բաց թողնել շեֆին շողոքորթելու, փառաբանելու ու գովաբանելու՝ հնարավորինս շատ մարդկանց ներկայությամբ:
Նրա թիկունքում արեք նույնը՝ դա ավելի կարևոր է, միշտ կգտնվեն մարդիկ, որ նրան կասեն, թե դուք իր մասին ինչ եք մտածում ու խոսում: Եթե հաջողվի, նույնը արեք եթերից ու թերթերում: Եթե ոչ նույն պահին, ինչ-որ պահի կաշխատի:
7. Եթե որոշակի հաջողության հասել եք, համարձակ հայտարարեք, որ պատրաստ եք առաջինը լինել ու ձեր շեֆի համար անել ավելին՝ դուք հուսալի եք, հավատարիմ, փորձառու և հավակնոտ՝ դուք պատրաստ եք պետական պաշտոնյա լինելու:
Կա, իհարկե, կա հաջողության հասնելու ուրիշ ճանապարհ:
1. Դուք ծնվել եք ճիշտ տեղում ու ճիշտ պահին՝ ձեր ծնողները հարուստ են, ճանաչված, պաշտոնյա և ձեզ համար կարիերան աստիճան առ աստիճան ինքն իրեն է շարվում՝ ձեզ մնում է չսայթաքել ու վերևից ներքև չգլորվել:
2. Դուք համառ եք, սկզբունքային՝ ամեն ինչի հասնում եք ձեր ուժերով, ինքնուրույն ավարտել եք դպրոցը, բակալավրիատն ու մագիստրատուրան, գիտաթեզ եք պաշտպանել, աշխատել սկսել եք ամենացածր պաշտոնից և քայլ առ քայլ առաջ եք գնում: Աշխատավարձը ցածր է, նորմալ կենսապայմանների համար ստիպված եք երկու- երեք աշխատանք համատեղել, քիչ եք քնում, վատ եք սնվում, հոգնում եք շատ, բայց ունեք նպատակ և ձեզ արժանի եք համարում ավելիին՝ շարունակում եք համառորեն առաջ գնալ՝ առանց կոմպրոմիսների:
3. Գուցե հանգամանքների բարեպատեհ դասավորությամբ 30-40-ի միջակայքում դուք ինչ-որ դիրքի հասած կլինեք, ոչ շատ բարձր, բայց հաստատ ավելին չեք ունենա և միշտ կզգաք, որ օտար եք յուրայինների մեջ ու ամենախոցելին եք՝ հակառակ, որ մասնագիտական որակներով լավագույնն եք, բայց պաշտպանված չեք՝ որևէ թիկունքով անգրագետի ի հայտ գալը կդառնա ձեր կարիերայի ավարտը, եթե հավատարմության երդում չտաք ում պետքն է կամ կուսակցական չդառնաք: Անորոշությունը մշտապես ձեր ուղեկիցն է, դուք երբեք չեք կարող վստահ լինել, որ վաղը կունենաք՝ ինչ ունեք այսօր: Փոխարենը գիշերը քնում եք հանգիստ, եթե, իհարկե, հասցրել եք բոլոր գործերն ավարտել, ոչ մեկին ոչինչ պարտական չեք, ձեզ համարում են ազնիվ, սկզբունքային ու հիմար, որովհետև կարող էիք ունենալ ավելին, բայց ձեր բարդ բնավորությունը ձեր առաջ փակում է շատի ու շուտի դուռը:
Այսպես կամ համարյա այսպես: Կան, իհարկե, մանրամասներ, որ ի հայտ են գալիս առանձին դեպքերում, բայց օրինաչափություն չեն դառնում: Եվ՝ ուրեմն, ի՞նչ հասարակությունում ենք ապրում, ի՞նչ իդեալներ ունենք ու ինչի՞ ենք հավակնում: Չե՞նք ապրում սկսնակի հոգեբանությամբ, որ աստիճանաբար վերածվում է չճանաչված հանճարի ու չգնահատված անհատի սինդրոմի, որ հասարակության հետ հարաբերվելու երեք ճանապարհ ունի՝ կամ սպառող է, որ ուզում է ուրիշներն իր փոխարեն ու իր համար ամեն ինչ անեն, ինքը վայելի, կամ ագրեսիվ է, որ առիթ է փնտրում ուժի դիմելու, իրեն համարում է անարդարության զոհ, բոլորին՝ մեղավոր ու իրեն էլ պատժելու կոչված, կամ՝ իներտ, ցանկություններ, նպատակներ չունեցող, «Լույսը բացվի՝ բարին հետը» կարգախոսով օրը մթնեցնողներ: ՈՒ՝ ի՞նչ:
Անհեթեթ է հիշեցնել, որ կյանքը այսօր է և այստեղ՝ երեկն ու վաղը արդեն ուրիշ, գուցե ուրիշի կյանք են, երբեք վաղը չես անի՝ ինչ այսօր պիտի անեիր ու վաղը չես ստանա՝ ինչ այսօր պիտի ստանայիր ու տայիր: Լավագույն ժամանակներ չեն լինում՝ ոչ կյանքի, ոչ մշակույթի ու գիտության, ոչ քաղաքականության համար: Լավագույն պայմաններ՝ նույնպես: Լինում է ճանապարհ: Առանց ուղեցույցների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ինքներդ եք հասկանում՝ կյանքը միայն սկսնակներինը չէ: Ինչո՞վ ենք ապրում տոտալ ընտրություններից լոկալ ընտրությունների միջակայքում: Յուրաքանչյուրն՝ իր գործով կամ գործի որոնումով: Ընտրվածները և չընտրվածները քննարկում են հետագա անելիքները, իշխանությունը սկսում է կառավարության ձևավորումը: Կոալիցիա կլինի՝ երկանդամ: ՀՀԿ և ՀՅԴ: ՀՅԴ-ն այս անգամ ուզում է ավելին, եթե ոչ նախարարական պորտֆելներ, պաշտոններ կառավարման համակարգում՝ մարզպետների, փոխնախարարների, ԱԺ հանձնաժողովներում՝ նոր սկիզբը արդար Հայաստան է պահանջում: ԲՀԿ-ն իրեն, ԱԺ կանոնակարգի պարտադրանքով, կանվանի ընդդիմություն, բայց կխաղա իշխանության դաշտում: «Ելքը» ինքնամոռաց տրվել է Երևանի ավագանու ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երգում է ու ազդարարում՝ «Երևան ջան, ելք կա»: Մրցակից «Երկիր ծիրանիին» ու Զարուհի Փոստանջյանին մնում է պարել, ՀՀԿ-ն պատրաստվում է հաղթել: ԱԺ չընտրվածներից ՀԱԿ-ՀԺԿ-ն հայտարարել է, որ դիմելու է ՍԴ ՝ պահանջելով ընտրություններն անվավեր ճանաչել: Ոչինչ չի փոխվի, բայց վեցերորդ գումարման ԱԺ-ն աշխատանքը երկու շաբաթ ուշ կսկսի: Եթե բողոքարկում չլիներ, առաջին նիստը գումարվելու էր ապրիլի 27-ին, հիմա՝ մայիսի 15-ին: Մայիսի կեսին կունենանք ԱԺ նախագահ, 3 փոխնախագահ, 12-ի փոխարեն 10 մշտական հանձնաժողով՝ իրենց նախագահներով, 4 խմբակցություն: 10 օրում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ, կնշանակի վարչապետ: Եթե Սերժ Սարգսյանը ժամկետի վերջին օրը որոշումներ ընդունի, վարչապետ կունենանք մայիսի, կառավարություն՝ հունիսի վերջին՝ վարչապետի նշանակումից հետո 20 օրում: Մինչ այդ կշրջանառվեն տարբեր անուններ՝ ում են գործից հանում, ում նշանակում շրջագծում: Ոչ մեկին մի հավատացեք, խելամիտ մարդը 30-ից հետո հավատում է միայն փաստերին: ՈՒ ի՞նչ ունենք հիմա:
1. Գործող նախագահ, ում պաշտոնավարմանը մնացել է մեկ տարի, հետո նա կփորձի դառնալ վարչապետ: Ինքը չի ասել, բայց ո՞վ է կամավոր հանձնում իշխանությունը, եթե կարող է շարունակել: Օրենքները չեն արգելում: Արտաքին աշխարհի կեսը կհասկանա, մյուս կեսն է հարցական: Հաջորդ նախագահին կընտրի խորհրդարանը, այդ պաշտոնը դադարում է առանցքային լինել:
2. Գործող վարչապետ, ում նորից կնշանակեն, հարցը ժամկետն է: 3,2 միլիարդ դոլարը լավ գին է՝ պաշտոնի դիմաց: Բայց կարող է Հայաստան չգալ, եթե ՌԴ նախագահը չհամաձայնի: Իսկ նա արդեն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում գունավոր հեղափոխություններ թույլ չի տալու, թեպետ դա ՀԱՊԿ-ի ու իր գործը չէ: Կարեն Կարապետյանը այս պարտիան սևերով է խաղում՝ նա չունի հենման կետ ու հենարան, բարձր վարկանիշն արագ կիջնի՝ առանց տնտեսական աճի տոկոսների:
3. Ընտրված խորհրդարան, որի երեք ուժերի վրա աշխատում են դաշտում եղած երևացող ու չերևացող կողմերը: Սերժ Սարգսյանը հավաքագրում է յուրայիններին, Կարեն Կարապետյանն ուզում է իր թիմը ստեղծել, Ռոբերտ Քոչարյանը, ՕՐՕ-ի ձախողումից հետո, իր համար է պլացդարմ որոնում, Հովիկ Աբրահամյանի ձայնն էլ կլսվի՝ ոչ միայն զարմուհու ու որդու շնորհիվ՝ եթե նրա ֆինանսական հզորությունը պահպանվի, ուրեմն կա նրան խաղի մեջ մտցնելու շանս: Հավելեք՝ կուսակցապետերին, որ արտախորհրդարանական ուժ են դարձել կամ ԱԺ չեն մտել, ու կստանաք քաղաքականությունը ամեն պահ փողոց դուրս բերելու խաղը, որի պատվերը հարկ եղած պահին կստացվի: Մոսկվայից:
4. Գործող կառավարություն, որ շուտով հրաժարական կտա ու կհավաքվի նոր կազմով: Երկիրն ախտորոշվեց, բայց իրավիճակ չփոխվեց, եթե վարչապետն անձեռնմխելի է, քավության նոխազ կդառնան նախարարները: Կարեն Կարապետյանը չի կարող իր թիմը հավաքել՝ կոալիցվող ՀՅԴ-ին պիտի պորտֆելներ տա ու կարողանա կենսամակարդակի վրա ազդել տեսանելի ապագայում:
5. Պետություն, որ ունի անվտանգության ապահովման խնդիր իր ու Արցախի համար, արտագաղթի կանխման ու աշխատատեղերի ստեղծման խնդիրներ, իսկ կենսապահովումը մնում է վարկերի ու պարտքերի հաշվին, որոնք հատել են ՀՆԱ-ի կեսը:
6. Ժողովուրդ, որ մնում է սկսնակ կարիերիստի մակարդակին, բայց ուզում է, որ իրեն վերաբերվեն մեծի պես, չխաբեն, բայց ինքը խաբի, իրավունքները հարգեն ու սիրեն:
7. Ներկա, որ չի պոկվում անցյալից ու չի գտնում ապագան:
Ինձ չհարցնեք՝ ու ի՞նչ: Քանի ապրում եք, ազատ եք որոշումներ ընդունել: